Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Նրա համար ամենամեծ պարգևն իր աշխատանքի պտուղներն են

Նրա համար ամենամեծ պարգևն  իր աշխատանքի պտուղներն են
03.03.2015 | 12:25

1955 թ. Փարիզում լույս տեսավ Դանիել Վարուժանի ժողովածուն ֆրանսերեն: Թարգմանիչը՝ ՎԱՀԵ ԳՈԴԵԼԸ, նոր-նոր բանաստեղծությունների իր ժողովածուն էր լույս ընծայել, և ուշագրավ էր, որ նա ստեղծագործական առաջին քայլերն անում էր միանգամից քերթողական երկու ասպարեզներում՝ սեփական և թարգմանական: Այդպես էլ շարունակեց նա իր ուղին, հավասարապես հանդես գալով թե՛ որպես բանաստեղծ, արձակագիր և գրաքննադատ, թե՛ որպես թարգմանիչ: Ըստ որում, նա թարգմանեց միայն հայկական պոեզիա՝ գողթան երգերից մինչև արդի բանաստեղծություն: Սակայն նրա նախասիրած հեղինակները դարձան Նարեկացին, Քուչակը և Վարուժանը: Վերջինս անցած վաթսուն տարում լույս է տեսել վեց անգամ, տարբեր երկրներում՝ Ֆրանսիա, Բելգիա, Շվեյցարիա, տարբեր ժողովածուներով:
Իսկ նրա թարգմանած ժողովածուների և անթոլոգիաների ընդհանուր թիվը, իմ հաշվարկներով, պիտի որ անցած լինի քառասունը: Գրում եմ՝ «պիտի որ», քանզի ինքը՝ Վ. Գոդելը, դժվարանում է ճշգրիտ թիվ ասել, արդարանալով, որ դա երկարատև փնտրտուք է պահանջում իր արխիվներում: Նա ճիշտ հակապատկերն է այն «գործիչների», ովքեր իրենց կյանքում ընդամենը մի քանի կաքավի ձու են ածում և կչկչոցը գցում աշխարհով մեկ, նույնիսկ արժանանում պարգևների ու մրցանակների: Մինչդեռ Վահեն գլուխը կախ իր գործն է անում և չի սպասում մեր երախտագիտական խոսքերին ու պարգևներին: Նրա համար ամենամեծ պարգևն իր աշխատանքի պտուղներն են, որոնք միշտ զարմացրել ու հիացրել են ինձ:
Ահա, օրերս ինձ նորից զարմացրեց: Այսինքն, քիչ է ասել՝ զարմացրեց: Այս մեկը տարբերվում է Վահե Գոդելի թարգմանական նախորդ բոլոր գրքերից. Դանիել Վարուժան, եռալեզու «Հացին երգը», հայերեն, ֆրանսերեն, էլզասերեն: Նույն թարգմանության երկլեզվյան տարբերակն անցյալ դարի 90-ականներին լույս ընծայեց Փարիզի «Լա Դիֆերանս» հրատարակչությունը՝ Նարեկացու և Քուչակի դարձյալ երկլեզվյան ժողովածուների հետ:
Հայտնությունն այսօր ինձ համար (գուցե և բոլորի) երրորդ լեզուն է՝ էլզասերենը, որը, ինչպես ասում է հանրագիտարանը, գերմաներենի բարբառներից մեկն է:
Այն, որ գերմաներենը հայերենի պես բազմաթիվ բարբառներ ունի, հայտնի էր ինձ դեռևս ուսանողական տարիներին, բայց պատկերացնել չէի կարող, որ այդպիսի լուրջ հոգածություն է տածվում դրանց հանդեպ, և այն աստիճանի, որ մայր լեզվի այդ բնական ճյուղավորումներով ոչ միայն գրում են սեփական գործեր, այլև թարգմանում համաշխարհային գրականություն: Արժանին մատուցենք նաև ֆրանսիական կառավարությանը, որն էլզասերենը, մի շարք այլ բարբառների և լեզուների հետ, օրենքով հայտարարել է ռեգիոնալ (շրջանային) լեզու, դրանից բխող մի շարք արտոնություններով:
Ես թերթում էի այս ժողովածուն և պատկերացնում Հոմերոսը, Շեքսպիրը կամ Բոդլերը, ասենք Հադրութի բարբառով կամ, ինչո՞ւ ոչ, Գավառի, Վանի, Մշո բարբառներով: Հետաքրքիր է, ինչպե՞ս կհնչեին: Օրինակ, Շուշիի ծնունդ Արտեմ Հարությունյանն ինչո՞ւ չի փորձում դեռևս մանկությանը լսած հայերենով ՈՒիթմեն թարգմանել: Պոետական արկածախնդրություն է լինելու, որն անպայման կհարուցի ընթերցողների հետաքրքրությունը: Կամ ասենք Մոլիեր բեմադրել մեր երրորդ բեմական լեզվով՝ Թիֆլիսի բարբառով, Թբիլիսիի հայկական թատրոնում: Համոզված եմ, որ շատ հետաքրքիր է ստացվելու: Օրինակ՝ «Տարտյուֆ»-ը կամ «Երևակայական հիվանդը»:
Դառնալով եռալեզու այս գրքին, մեր հերթական խորին շնորհակալությունը հայտնենք Վահե Գոդելին, որն իր ֆրանսերեն հրաշալի թարգմանությամբ ոգևորել է էլզասագիր (այս բառը, ըստ երևույթին, առաջին անգամ է գործածվում) բանաստեղծ Լյուսիեն Շմիտհաուսլերին՝ իր մայրենի լեզվով հնչեցնելու հայ մեծ բանաստեղծի քերթվածները: Եվ առաջին անգամ է, որ հայ բանաստեղծ է թարգմանվում այդ լեզվով:
Այո, տվյալ դեպքում լեզու, և ոչ միայն ածանցված բարբառ, քանի որ մայր լեզվի հետ հավասար դարձել է մշակույթների երկխոսության միջոց: Ի դեպ, չմոռանանք նշել, որ Վարուժանը թարգմանվել է արդի գերմաներենով:
Ամբողջացնելու համար մեր լրատվությունը` հայտնենք, որ գրքի տիտղոսաթերթին գրված է. «Եռալեզու այս գիրքը տպագրվել է OLCA-ի և Էլզասի շրջանի աջակցությամբ՝ Հայոց ցեղասպանության և բանաստեղծի նահատակության հարյուրամյակի առթիվ»: OLCA-ն Էլզասի մշակույթի և լեզվի տարածման կազմակերպությունն է, որի անդամներից մեկն է տեղաբնակ Պիեռ Զուլումյանը: Վերջինս նաև «Էլզաս-Հայաստան բարեկամություն» ընկերության հիմնադիր նախագահն է և նրա ջանքերով է, որ իրականացվել է այս ծրագիրը: Նա ոգևորել է իր ընկերության անդամ, սիրիահայ Անտուան Բասմաջիին, վերջինս էլ այդ գաղափարով է համակել իր բարեկամին՝ բանաստեղծ Լյուսիեն Շմիտհաուսլերին, և արդյունքում լույս աշխարհ է եկել այս եզակի ժողովածուն:


Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ

Դիտվել է՝ 1169

Մեկնաբանություններ

†Â¢/1337627508" rel="nofollow">Աղոթարան
Աստվածաշունչ մատյանից
Վերուվար
  • Մշակույթ
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 19.05.2025